Սեպտեմբերի 16-ին Երևանում բացվել է Armenia Expo 2016 տասնվեցերորդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը:
«Armenia Expo ցուցահանդեսը ունիվերսալ է, այսինքն ներառում է տենտեսության տարբեր ոլորտները` շինարարությունը, արդյունաբերությունը, տրանսպորտը, զբոսաշրջությունը, սննդի արդյունաբերությունը. այն ամենն, ինչ արտադրվում է և ներկրվում Հայաստան», - ասել է ցուցահանդեսի ղեկավար Քրիստինե Պողոսյանը, գրում է Նովոստի Արմենիան:
Նրա խոսքով, այս տարի ցուցահանդեսային ֆորումին մասնակցում է 130-ից ավելի ընկերություն 9 երկրից:
«Այս տարի աշխարհագրությունն ընդլայնվել է, և ցուցահանդեսն իր մասշտաբով աննախադեպ է դարձել: Մենք շատ մասնակիցներ ունենք Ռուսաստանից, Չինաստանից, Չեխիայից և այլ երկրներից: Բացի այդ, ցուցահանդեսին մասնակցում են բազմաթիվ տեղական ընկերություններ` ինչպես արտադրող, այնպես էլ` ներկրող», - ընդգծել է Պողոսյանը:
Նա նաև հավելել է, որ ցուցահանդեսը նպաստում է տեղական և օտարերկրյա ընկերությունների միջև նոր բիզնես-կապերի առաջացմանը, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերի ստեղծմանը, ինչը շատ կարևոր է տեղական կազմակերպությունների համար:
Armenia Expo 2016-ը կտևի մինչև սեպտեմբերի 18-ը: Ֆորումի կազմակերպիչներն են` Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։