19 սեպտեմբերի 2016 - 11:18 AMT
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարությունների միջև

Սեպտեմբերի 18-ին Թեհրանում կայացել են ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իրանականը՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:

Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Կողմերն ընդգծել են տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ և բազմակողմ տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրներին: Քննարկվեցին իրավապայմանագրային, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Շավարշ Քոչարյանը հանդիպել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները և նախանշվեցին հետագա անելիքները: