19 սեպտեմբերի 2016 - 17:32 AMT
Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Լոս Անջելեսի կենտրոնում սեպտեմբերի 17-ին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: Հուշակոթողը երկփեղկված ժայռի տեսք ունի, որի մի կողմն անմշակ է, մյուսը` սրբատաշ, այն մարմնավորում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև վերապրումը, հայտնում է Los Angeles Times-ը:

Հուշարձանը երիզված է մետաղյա ժապավենով, որի վրա փորագրված են Վիլյամ Սարոյանի խոսքերը. «Ապրիր քանի ողջ ես, չավելացնելով աշխարհի տառապանքներն ու վիշտը, այլ ժպտալով այս հրաշալի ժամանակի անսահման հմայքին ու առեղծվածին»:

5 տոննա կշռող հուշակոթողը, որի հեղինակն է Գլենդեյլից Վահագն Թովմասյանը, պատրաստված է Հայաստանից բերված սև տուֆից:

«Այն երկու մասի է բաժանված՝ որպես Հայոց ցեղասպանությանը հաջորդած հոգևոր և ֆիզիկական բեկման խորհրդանիշ>,-ասել է Թովմասյանը: