19 սեպտեմբերի 2016 - 14:19 AMT
Թուրքիայում ադրբեջանցիներ են ձերբակալվել. ԻՊ-ին աջակցելու կասկածանքով

Ստամբուլի ոստիկանությունը 40 օտարերկրացու է ձերբակալել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու կասկածանքով: Ձերբակալվածների թվում Ադրբեջանի քաղաքացիներ կան, գրում է թուրքական Daily Sabah-ը:

Ըստ տեղեկությունների, ստուգումներն անցկացվել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում: Ձերբակալվածների մոտից ԻՊ փաստաթղթեր են առգրավվել: Ձերբակալվածների թվում են Ադրբեջանի, Իրանի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիներ: Նշվում է, որ նրանցից ոմանք պատերազմել են Սիրիայում:

Թուրքական իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցները Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հուլիսի 28-ի ահաբեկչությունից հետո, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԻՊ-ն խոշոր ահաբեկչություններ է ծրագրում իրականացնել Թուրքիայում` կապված թուրքական ԶՈւ «Եփրատի վահանը» ռազմական գործողության հետ Սիրիայում:

Սեպտեմբերի 17-ին ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների դեմ հատուկ գործողության արդյունքում Թուրքիայի ոստիկանությունը 24 ահաբեկչի է ձերբակալել: Ձերբակալվել է նաև Թուրքիայում ահաբեկչությունների իրականացման համակարգող Ալի Ալ Ագալը: