20 սեպտեմբերի 2016 - 13:31 AMT
Ռայոլա. Մխիթարյանն ու Պոգբան մինչ «ՄՅ» անցնելն առաջարկներ են ստացել նաև Պրեմիեր լիգայի այլ ակումբներից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Փոլ Պոգբան մինչ անգլիական ակումբ տեղափոխվելը մի շարք առաջարկներ են ստացել Պրեմիեր լիգայի այլ ակումբներից ևս: Այդ մասին The Daily Mail-ին է հայտարարել հայտնի գործակալ Մինո Ռայոլան:

Ըստ գործակալի, երկու խաղացողները կարող էին հայտնվել նաև այլ ակումբներում, քանի որ Ռայոլան քննարկել է «ՄՅ» հետ մրցակցող այլ ակումբների առաջարկները ևս: «Մենք 2 առաջարկ ունեինք Պրեմիեր լիգայից և երկու այլ առաջնությունից»,-ասել է Ռայոլան` անդրադառնալով Պոգբային:

«Փոլը միշտ ասել , որ «Յունայթեդն» իր սրտում է: Էդ Վուդվորթը ցանկանում էր վերադարձնել նրան 1 տարի առաջ, իսկ Մոուրինյոն ցանկանում էր գնել նրան «Չելսիի» համար»,-ասել է նա:

«Մխիթարյանի տրանսֆերն ավելի բարդ էր: Մենք գրեթե պայմանավորվել էինք Պրեմիեր լիգայի այլ ակումբի հետ, սակայն «Բորուսիան» չէր ուզում հրաժարվել նրանից, և ահա հորիզոնում հայտնվեց «Յունայթեդը»,-ասել է Ռայոլան:

Նա նաև անդրադարձել է Զլատան Իբրահիմովիչի տեղափոխմանը «ՄՅ». «Նա իդեալական է «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Նա 34 տարեկան է, սակայն, նրա մասին բոլորից շատ են խոսում Պրեմիեր լիգայում»:

Ռայոլան վստահ է, որ իր հաճախորդներին ժամանակ կպահանջվի ադապտացիայի համար, սակայն հետո նրանք կապացուցեն, որ «Յունայթեդը» ճիշտ ընտրություն է կատարել:

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին` Ռայոլան ասել է, որ նա Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն էր վերջին 2 խաղաշրջանում: Նա ամուր մենթալիտետ ունի և երբ ապաքինվի, արժեքավոր խաղացող կլինի այդ թիմի համար»,-ասել է Մինո Ռայոլան:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Ընթերցեք նաև. Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր շուրջ ստեղծված իրավիճակից