Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պետդեպարտամենտի կայքում տեղադրված ուղերձում մասնավորապես ասվում է․
«Նախագահ Օբամայի ու Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորանքներս եմ հղում հայ ժողովրդին անկախության 25-ամյակի առթիվ, որը կնշվի սեպտեմբերի 21-ին:
Միացյալ Նահանգները խորապես արժևորում է Հայաստանի և Ձեր բոլորի հետ իր ջերմ բարեկամությունը: Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել, և իմ երկրի կառավարությունը պատրաստ է շարունակել սերտորեն աշխատել Ձեզ հետ՝ աջակցելու բարեկեցության, ամուր ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ու տարածաշրջանային խաղաղության կայացման ընդհանուր նպատակներին: Մենք գնահատում ենք Հայաստանի հետևողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում ունեցած առաջատար դերակատարումը: Մենք նաև երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում կենսունակ ու մեծ ձեռքբերումների հասած ամերիկահայ համայնքի ներկայության համար:
Այս գեղեցիկ տոնի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում հայ ժողովրդին, ցանկանում խաղաղություն ու բարօրություն առաջիկա տարում», - գրել է Ջոն Քերրին:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը: