20 սեպտեմբերի 2016 - 10:42 AMT
«Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» ցուցադրություն՝ Ռուսական արվեստի թանգարանում

Հայաստանում եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 24-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կբացվի «Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Ցուցադրությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև նոյեմբերի 24-ը:

Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն 20-րդ դարի հայ կերպարվեստի նշանավոր վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Գյուրջյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Սեդրակ Առաքելյանի, Միքայել Ավետովի, Մինաս Ավետիսյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլոց վրձիններին պատկանող գործեր, որոնք ընդգրկված են թանգարանի պահոցներում և մշտական ցուցադրություններում:

Ցուցադրությունը ներառում է նորագույն հայ կերպարվեստի երեք հիմնական փուլերը՝ նախախորհրդային (ազգային առաջին մոդեռնիզմ), ստալինյան (1930-40-ական թթ.) և ազգային մոդեռնիզմ (1960-ական թթ.):

Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել հայ նշանավոր վարպետների ստեղծագործությունները՝ ամբողջացնելով շուրջ կեսդարյա կերպարվեստի պատմությունը: