20 սեպտեմբերի 2016 - 10:53 AMT
Ազգերի Անդյան միության խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ազգերի Անդյան միության խորհրդարանը սեպտեմբերի 17-ին 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել՝ դատապարտելով հայ ժողովրդի և մարդկության դեմ իրագործված հանցանքը ժխտելու բոլոր փորձերը:

Agencia Prensa Armenia-ն հայտնում է, որ Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո դե լա Կրուզի կողմից ներկայացված բանաձևը միաձայն ընդունվել է Մոնտևիդեոյում կայացած հանդիպմանը: Այս քայլով խորհրդարանն իր համերաշխությունն է հայտնել աշխարհասփյուռ հայությանը:

Փաստաթուղթը կոչ է անում միջազգային հանրությանը «ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական փաստը՝ որպես ճշմարտության ու արդարության անվերապահ սատարման քայլ և որպես ամբողջ մարդկության համար նման ամոթալի քայլերի ժխտում»:

Ազգերի անդյան միությունը Լատինական Ամերիկայի երկրների տարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցություն է, որի կազմում ընդգրկված են Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը և Պերուն: Այն ստեղծվել է 1969 թվականին: Միության նպատակ է աջակցությունը ինտեգրման և սոցիալ-տնտեսական համագործակցության միջոցով մասնակից երկրների զարգացմանը, տնտեսական աճի արագացմանը և զբաղվածության ապահովմանը, լատինամերիկյան ընդհանուր շուկայի ստեղծմանը: Միության խորհրդարանը հիմնադրվել է 1979 թ., իսկ առաջին նիստը կայացել է 1984 թ.: