20 սեպտեմբերի 2016 - 15:06 AMT
Բրյուսել-Երևան-Բրյուսել 1-ին ուղիղ չվերթը՝ դեկտեմբերի 10-ին

«ԱրմՎինգս» (ArmWings) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» (Brussels Airlines) ավիաընկերությունը պայմանագիր են ստորագրել Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար:

«ԱրմՎինգս»-ը նշում է, որ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ ընկերությունը նախաձեռնություն վերցրեց իրականացնել չվերթը, որպես կատարող ընտրելով տվյալ ավիափոխադրողին, առաջնային համարելով և՛ իր, և՛ ուղևորների պահանջները:

«Առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Բրյուսելը կրելու է նաև տարանցիկ գործառույթ և կապելու է Հայաստանը այլ երկրների հետ ևս», տեղեկացվում է ընկերության հաղորդագրությունում:

Ի գիտություն ուղևորների և տուրիստական ընկերությունների՝ «ԱրմՎինգս»-ը վստահեցնում է, որ վարելու է թափանցիկ գնային քաղաքականություն. ավիատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել թե՛ «ԱրմՎինգս»-ի պաշտոնական կայքից, որը շուտով հասանելի կլինի բոլորին, թե՛ ավիատոմսերի ամրագրման բոլոր համակարգերի միջոցով:

Ավիատոմսերի գները կլինեն դասակարգված, յուրաքանչյուր դասակարգ իր մեջ կպարունակի հավելյալ ծառայություններ և պայմաններ, որոնց մանրամասները կհրապարակվեն վաճառքի մեկնարկը հայտարարելուց հետո:

Սեպտեմբերի 13-ին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի՝ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության դաշնային պետական ծառայության բազմակողմ և գլոբալիզացիայի հարցերով գլխավոր տնօրեն Ժան-Արտուր Ռեժիբոյի հետ հանդիպմանը հայտարարվել է, որ Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթը կսկի գործել 2016-ի ընթացքում:

«Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ թռիչքներ Բելգիա և Բրյուսել չեն իրականացվում, այլ միայն տրանզիտային եղանակով. Երևան-Մոսկվա-Բրյուսել, Երևան-Կիև-Բրյուսել և այլն: