20 սեպտեմբերի 2016 - 17:52 AMT
ԵՏՀ նախարար. Իրանին ազատ առևտրի ռեժիմի տրամադրման հարցը կլուծվի մինչև տարեվերջ

Իրանին ԵՏՄ հետ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման հարցը կլուծվի մինչև տարեվերջ: Այդ մասին սեպտեմբերի 20-ին Երևանում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Վերոնիկա Նիկիշինան, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Ըստ նրա, այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում իրանցի գործընկերների հետ: «Մինչև տարեվերջ մենք պետք է հասկանանք բոլոր հնարավոր առավելությունները նման ռեժիմի անցնելու դեպքում, բոլոր հնարավոր պարտավորություններն ու պայմանները, իսկ դեկտեմբերին պետք է ԵՏՄ 5 նախագահներին ներկայացնենք արդեն վերջնական որոշման համար` կամ կստանանք մանդատ գալիք տարի բանակցությունների արագացման ու փաստաթղթի ստորագրման համար, կամ մեզ կասեն, որ հարկավոր է էլի մտածել»,-ասել է Նիկիշինան:

Ըստ նրա, միակ չափազանց կարևոր պայմանը դրական մանդատ ստանալու համար փոխշահավետ պայմանավորվածությունների առկայությունն է: «Մենք պատրաստ ենք ազատ առևտուր սահմանել Իրանում արտադրված ապրանքների համար, սակայն մեր անդամ երկրները պայման էին դրել, որ շահավետ պայմաններ ունենան նույն ծավալով ԵՏՄ ապրանքները Իրանի շուկա արտահանելու համար»,-ասել է Նիկիշինան:

Ըստ նրա, եթե կողմերը կարողանան պայմանավորվել նման հավասարակշռված փոխշահավետ պայմաններով, ապա նախագահները բանակցությունները շարունակելու մանդատ կտան:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ հիմար արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ:

Արծվիկ Մինասյանն ասել է, որ գոտու ստեղծման ժամկետը կդժվարանա նշել, սակայն այժմ ցանկություն կա առավելագույն ազատություն հաղորդել, որովհետև այս գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման համար:

Անդրադառնալով այն հարցին,թե Հայաստանը կունենա՞ հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առևտրային գոտի ունենալ Իրանի հետ` Արծվիկ Մինասյանն ասել է, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանի համար համարվում է տրված, հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի և ԵՏՄ-ի միջև չի նախատեսվում այս առումով, և դրա կարիքն էլ չկա: