Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Արտացոլանքից անդին» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև հոկտեմբերի 20-ը:
Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն հանրահայտ իտալացի նկարիչ, արվեստագետ Միրո Պերսոլյայի գեղանկարչական աշխատանքները: Հեղինակն իր ստեղծագործություններում օգտագործել է տարբեր նյութեր` ավազի բյուրեղներ, հատուկ գունանյութեր, ապակի, փայլեր, այդպիսով ստեղծելով վառ արտահայտչականությամբ օժտված արվեստի նմուշներ:
Միրո Պերսոլյան իտալական արմատներով միջազգային արվեստագետ է: Ցուցահանդեսի համակարգող Մարինա Հակոբյանի խոսքով, նա ջանում է վերադարձնել արվեստն իր բնական վիճակին` գեղագիտորեն գրավելով դիտողին նկարչական միջոցներով, նյութերով և գույներով: Գույները կերտում են մեր իրականությունը և շրջապատում են մեզ:
Նրա նկարչության տեխնիկան հեշտությամբ ճանաչելի է: Նրա նկարները դիտելիս մի աշխարհ է բացվում մեր ներսում` առաջ բերելով հոգեբանական ուրույն վիճակներ: Նրա աշխատանքները նրբագեղ են և հիշվող: Իր երկերում, օգտագործելով տարբեր նյութեր` ավազի բյուրեղներ, հատուկ գունանյութեր, ապակի և փայլեր, նա ստեղծում է սուր արտահայտչականությամբ օժտված արվեստի նմուշներ: