21 սեպտեմբերի 2016 - 10:13 AMT
Google-ը Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված դուդլ է ստեղծել

Google որոնողական համակարգը Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված դուդլ է տեղադրել:

Անկախության օրվա մասին հղումով պատկերը հասանելի է հայալեզու հատվածում` google.am հասցեով:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ` 99 տոկոս, քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետութուն: Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է ՀՀ գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990 թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան օրերին, խոշոր իրադարձությունների ժամանակ Google-ն իր լոգոտիպը փոխում է այսպես կոչված դուդլի (անգլերենից թարգմանաբար doodle նշանակում է խղբզել, անփույթ նկարել)՝ պատկերների, անիմացիաների և նույնիսկ փոքր խաղերի, որոնք առնչություն ունեն իրադարձությանը: