21 սեպտեմբերի 2016 - 14:20 AMT
Սերժ Թանկյանն ու ընկերները խնդրագիր են տարածել Հայաստանի անկախության առթիվ

Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ՀՀ անկախության 25 ամյակի առթիվ ընկերների՝ Ատոմ Էգոյանի, Վահե Բերբերյանի, Հրանտ Թոխատյանի, Էրիկ Նազարյանի, Կառլա Կարապետյանի և այլ հայտնիների հետ խնդրագիր է տարածել Change.org կայքում:

«Ընկերներ (Հայաստանում և աշխարհում), այսօր Հայաստանի անկախության 25-ամյակն է: Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից՝ նշելու այս փոքր, բայց հիասքանչ ժողովրդի որոշ հաջողությունները՝ միևնույն ժամանակ պայքարելով մտահոգող խնդիրների դեմ: Անկախությունը քիչ բան է նշանակում, երբ հասարակության ստվար հատվածը դժգոհ է: Այդ պատճառով ես և իմ ընկերները հայտարարություն ենք պատրաստել` հանուն Հայաստանի ժողովրդի և դրական քաղաքացիական փոփոխությունների ու բարեփոխումների աջակցության»,- գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում և կոչ արել ստորագրել խնդրագիրը Change.org կայքում:

Հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում է.

«Արդարադատություն Հայաստանում

Մենք, որպես Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայեր, հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխության և արդարության գործին:

Նկատի ունենալով 2016 գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումներն ու բողոքի ակցիաները, որոնք հանգեցրին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների,

Մենք ասում ենք ՈՉ՛

համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին։

Մենք ասում ենք Այո՛

բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշտպանությանը, արդար և թափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին և թշվառների պաշտպանությանը։

Մենք ասում ենք Այո՛

շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին՝ Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով:

Որպես հայերի համաշխարհային համայնք՝ մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն Հայաստանի ժողովրդի հրատապ և ակնկալվող կարիքները հոգալու համար և, այդպիսով, ապահովել հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարություն, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է:

«Արդարադատություն Հայաստանում»-ը մտահոգ հայերի համաշխարհային կոալիցիա է, որոնք հավատում են Հայաստանի ժողովրդի հետ համերաշխությանը և նրան, որ անհրաժեշտ է ներկա լինելով հանդես գալ որպես ականատես և դիտորդ ազատ ու արդար ընտրությունների, միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը՝ այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային և ապագային։ Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որն արժանի է մեր ժողովրդի տոկունությանը, և հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր բացառիկ արժեքները և բնավորությունը՝ Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծարարության, ժողովրդավարության և հույսի երկիր մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով։ Այլընտրանքն անհավատալի է»: