22 սեպտեմբերի 2016 - 11:55 AMT
Ռուսական 24 բուհ` աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ըստ THE վարկածի

Ռուսաստանի 24 բուհ ընդգրկվել է աշխարհի լավագույն համալսարանների ցանկում, որը կազմել է բրիտանական Times Higher Education հանդեսը 2016-2017 ուստարվա համար: 2015-ի վարկանիշում ՌԴ-ն ներկայացված էր միայն 13 բուհով:

Ընդ որում ՄՊՀ-ն, որն առաջին ռուսական բուհն է վարկանիշում, այժմ ցուցակում 188-րդն է, մինչդեռ 2015-ին այն 161-րդ տեղում էր: Վարկանիշում ընդգրկվել են նաև Սանկտ Պետերբուրգի ՏՏ, մեխանիկայի և օպտիկայի համալսարանը, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը, Կազանի դաշնային համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանը, Պետրոս Առաջինի Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանը և այլն:

Աշխարհի լավագույն համալսարանների առաջին տասնյակում են Օքսֆորդի համալսարանը, Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանը, Սթենֆորդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Հարվարդի համալսարանը, Փրինսթոնի համալսարանը, Լոնդոնի կայսերական քոլեջը, Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցը:

10-րդ տեղը կիսում են Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանն ու Չիկագոյի համալսարանը:

Times Higher Education վարկանիշը հրապարակվում է 2010-ից: Ընդհանուր առմամբ վարկանիշում 980 դիրք կա: Բուհի գնահատման ժամանակ հաշվի են առնվում այնպիսի գործոններ, ինչպիսիք են դասավանդման, գիտական հետազոտությունների, գիտելիքների փոխանցման մակարդակը, ինչպես նաև միջազգային վարկանիշը:

Times Higher Education-ը կազմում է նաև մոլորակի ամենահեղինակավոր բուհերի վարկանիշը: Վերջինը հրապարակվել է 2016-ի մայիսին, որտեղ կար 3 ռուսական բուհ` Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանները և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը: