22 սեպտեմբերի 2016 - 14:16 AMT
Կոսովոյի դասագրքերում Վանը, Մուշն ու Էրզրումը նշված են որպես Հայաստանի տարածք

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցներում աշակերտներին բաժանված պատմության դասագրքերում տեղ գտած պատմական քարտեզները թուրքերի զայրույթն են առաջացրել: Բանն այն է, որ դասագրքերում Վանը, Մուշը և Էրզրումը նշված են որպես Հայաստանի տարածք, դրանից հարավ ընկած հատվածը` Քուրդիստան, իսկ ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքը` Պոնտոս:

Tert.am-ը թուրքական «Ջումհուրիյեթ» թերթին հղումով գրում է, որ Պրիզրեն քաղաքի թուրքական համայնքը բողոքների տարափ է ուղղել Կոսովոյի գիտության և տեխնոլոգիաների նախարարություն, մեծ հիստերիա է բարձրացել նաև Թուրքիայում:

Կոսովոյի գիտության և տեխնոլոգիաների նախարարության թուրքալեզու կրթության բաժնի ղեկավար Ֆերդի Քովաչը նշել է, որ գրքերն ուղարկվել են Ալբանիայից, նա նաև խոստացել է անել հնարավոր ամեն բան, որպեսզի գրքերը վերանայվեն և փոխվեն:

Սեպտեմբերի սկզբին Թուրքիայում գործող հայկական Aras հրատարակչության կողմից տպագրվել է հայերի ու հայկական մշակույթի մասին պատմող երեխաների համար նախատեսված «Ովքե՞ր են այս հայերը» ճանաչողական գիրքը: Ըստ թուրքական Evrensel.net լրատվական կայքի` գիրք-ձեռնարկը պատրաստվել է Լոնդոնի Հայկական ինստիտուտի (The Armenian Institute) տնօրեն Սուսան Փոլ Փաթթիի, Գագիկ Ստեփան-Սարգսյանի և Մարալ Քերովբյանի կողմից:Հոդվածի հեղինակը հույս է հայտնել, որ գիրքը դպրոցականների շրջանում բավականաչափ տարածվելու դեպքում կարող է նպաստել 2 ժողովրդի միջև բարեկամությանը:

Թուրքերենով հրատարակված գիրքը տեղեկություններ է տալիս հայ ժողովրդի պատմության, հայերենի, հայկական երաժշտության, կրոնական ավանդույթների ու սովորույթների, հայկական խոհանոցի, ժողովրդական պարերի, ազգային հագուստների, առածների, պոեզիայի, խաղերի մասին: Տեղեկություններն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով օգտագործվել են բազմաթիվ թեմատիկ նկարներ ու լուսանկարներ: