22 սեպտեմբերի 2016 - 14:45 AMT
Ստեփանակերտի երիտասարդական գիտաժողովի հայտարարությունը՝ կոչ միջազգային հանրությանը

2016թ. սեպտեմբերի 15-18-ը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել միջազգային երիտասարդական գիտաժողով «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն և արդի մարտահրավերները» խորագրով, որի արդյունքներով ընդունվել է հայտարարություն:

Ըստ հայտարարության միջազգային երիտասարդական գիտաժողովի մասնակիցները՝ առաջնորդվելով.

Տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայուն անվտանգության ապահովման գերակա նպատակներով, աշխարհի բոլոր ժողովուրդների և ազգերի միջև խաղաղ ու ստեղծագործ համագոյակցության հրամայականով, ժողովուրդների՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անբեկանելի իրավունքի նկատմամբ անխախտ հավատով`

ընդունում են, որ

Արցախի Հանրապետության ժողովուրդը պարտադրված պատերազմի ու լայնածավալ ռազմական ագրեսիային դիմակայելու արդյունքում վաստակել է իր նախնիների հողում անկախ պետականության ավանդույթները շարունակելու իրավունքը,

Անկախ պետականության 25 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը հավատարիմ է եղել և շարունակում է մնալ քաղաքակիրթ աշխարհի արժեքներին, իրավական պետության ու ժողովրդավարական հասարակության կառուցման սկզբունքներին,

Արցախի Հանրապետութան անկախության կերտման գործընթացն անշրջելի իրողություն է:

Կոչ են անում`

Ադրբեջանի առողջ քաղաքական ուժերին՝ սեփական հասարակությանը և հատկապես երիտասարդությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի,

Միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ազգատյացության քարոզչությունն արմատախիլ անելու ուղղությամբ,

Համայն հայությանն ու Արցախի բոլոր բարեկամներին՝ իրենց ջանքերը մեկտեղել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: