Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է սեպտեմբերի 20-ին Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններն իր հասցեին:
Իլհամ Ալիևը սեպտեմբերի 20-ին ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության հետ հանդիպմանը մեղադրել է Freedom House-ին կողմնակալության համար:
«Freedom House-ը հայամետ դիրքորոշում է ընդունել և մշտական հարձակումներ է գործում Ադրբեջանի վրա, այդ պատճառով մեր երկիրը ոչ մի կապ չունի այդ կազմակերպության հետ: Ես կասեմ, որ մեզ համար նշանակություն չունեն Freedom House-ի զեկույցները, և այդ փաստաթղթում այդ կազմակերպության հիշատակումն ինձ մոտ ափսոսանքի զգացողություն է առաջացնում»,- ասել էր Ալիևը:
Freedom House-ի գործող նախագահ Դենիել Կալինգաերտն իր հայտարարությունում խիստ քննադատության է ենթարկել Իլհամ Ալիևի կառավարությանը, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:
«Նախագահ Ալիևն ամենապատասխանատու անձն է վերջին 10 տարում ստեղծված մարդու իրավունքների հետ կապված սարսափելի վիճակի և քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության ակտիվիստների ձերբակալության առումով»,- ասել է կազմակերպության նախագահը:
Նա ընդգծել է, որ Freedom House-ը կշարունակի իր աշխատանքն Ադրբեջանի ուղղությամբ` ուշադրություն գրավելու համար Ալիևի կառավարության կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերին: