23 սեպտեմբերի 2016 - 13:52 AMT
Մոգերինի. Ընտրություններին ընդառաջ ՀՀ-ի Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության ձեռքբերումը կարևոր քայլ էր

Եվրոպական միությունը շարունակելու է սատարել ՀՀ-ում ընթացող բարեփոխումները: Այս մասին, սեպտեմբերի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է նոր ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների և խորհրդարանական ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նշելով, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր քայլ էր։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերվող օժանդակության համար։

Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի միջանկյալ բանակցություններին՝ երկուստեք գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, ոլորտային գործակցության և առևտրային հարցերի ուղղություններով ընթացող բանակցությունների շուրջ։ Կարևորվել է հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլի անցկացումը՝ նպատակ ունենալով գործընթացն ավարտել մոտ ապագայում։