24 սեպտեմբերի 2016 - 10:55 AMT
Վարուժան Ավետիսյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է, Ղուկասյանի միջնորդությունը՝ ընդմիջվել

Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակված վճռով՝ 2 ամսով երկարաձգվել է ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքը:

Միջնորդությունը ներկայացրած քննիչի պատճառաբանությունն այն է, որ անհրաժեշտ են մի շարք քննչական գործողություններ, իսկ ազատության մեջ Ավետիսյանը կխոչընդոտի նախաքննությանը, գրում է Tert.am-ը:

Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։

Ւսկ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննարկումն ընդմիջվել է, քանի որ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոսանքազրկվել է:

Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Օգոստոսի 2-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Սեպտեմբերի 22-ին դատարանը 2-ական ամսով երկարացրեց զինված խմբի անդամներից «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի, Գագիկ Եղիազարյանի, Գառնիկ Հովակիմյանի, Մարտիրոս Հակոբյանի կալանքի ժամկետները, իսկ այսօր` Թորոս Թորոսյանի: