24 սեպտեմբերի 2016 - 12:04 AMT
Սյունիքում 2016-ին մոտ 10․000քմ տարածք է ականազերծվել

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակը 2016-ի ընթացքում ձեռքով ակազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10․000քմ ականապատ տարածք։

Կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զուգահեռաբար, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է վտանգավոր տարածքների նշագրման աշխատանքները։ Այդ աշխատանքների արդյունքում, Սյունիքում նախազգուշացնող վահանակներով և ժապավեններով արգելափակվել է 49 վտանգավոր տարածք, տեղադրվել է 883 վահանակ և 19․690 գծամետր ժապավեն։

Նշագրման նպատակն է կանխարգելել մարդկանց մուտքը վտանգավոր տարածքներ, ինչպես նաև իրազեկել ականի պատճառած վտանգի մասին։

Նշագրված արգելափակված տարածքներ մուտք գործելը կամ զգուշացնող վահանակները և ժապավենները ոչնչացնելն ու տեղահանելը կարող են ձեր և ձեր մտերիմների խեղման կամ մահվան ակամա պատճառը դառնալ։ Տեղեկացված լինելուն զուգահեռ պահպանենք անվտանգության կանոններն ու խուսափենք վտանգներից: