24 սեպտեմբերի 2016 - 13:50 AMT
Նալբանդյանը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ճգնաժամի կարգավորումը

Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նալբանդյանը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն և կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի խաղաղ կարգավորման համապարփակ բանակցությունների մեկնարկի համար:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում։ ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նալբանդյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ անկախության 25-ամյակին, Բաքվի ապրիլյան ագրեսիային, Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակմանը և այլ թեմաներ: