24 սեպտեմբերի 2016 - 14:07 AMT
Սոֆիայի «Զանգեր» հուշահամալիրում տեղադրվել է Հայաստանի զանգը

Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է Սոֆիայի «Զանգեր» անունը կրող հուշահամալիրում Հայաստանը ներկայացնող զանգի տեղադրման արարողությունը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Բուլղարիայի պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, որը համառոտ ներկայացրել է անկախության 25 տարվա ընթացքում Հայաստանի ձեռբերումներն ու դեռևս առկա մարտահրավերները:

«Զանգեր» կոչվող համալիրը, որը կառուցվել է դեռևս 1979 թվականին, նվիրված է աշխարհում խաղաղության հաստատմանն ու պահպանմանը: Այստեղ ներկայացված են շուրջ հարյուր երկրի և միջազգային կազմակերպության կողմից տեղադրված խորհրդանշական զանգեր: