24 սեպտեմբերի 2016 - 16:20 AMT
Դիարբեքիրի 18 գյուղում արգելվել է փողոց դուրս գալ

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Հազրո և Քոջաքյոյ շրջանների 18 գյուղում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել:

Դիարբեքիրի նահանգապետարանի տարածած պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ իրականացվելիք գործողությունների ընթացքում ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար նահանգի մի շարք գյուղերում սեպտեմբերի 24-ին՝ ժամը 5:00-ից փողոց դուրս գալու անժամկետ արգելք է սահմանվում, թուրքական «Ջումհուրիյեթ» թերթին հղումով գրում է Tert.am-ը:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: