26 սեպտեմբերի 2016 - 10:19 AMT
Սեպտեմբերի 25-ին Արցախում զինվոր է զոհվել. Հակառակորդը կրակել է հրաձգային զինատեսակներից

Հանգստյան օրերին` սեպտեմբերի 24-ին և 25-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: