26 սեպտեմբերի 2016 - 14:01 AMT
Բաղդասարյան. ՀՀԿ- ՀՅԴ հուշագրում նշված չէ՝ նախարարական պորտֆելներից որոնք են տրվելու Դաշնակցությանը

ՀՀԿ- ՀՅԴ հուշագրում նշված չէ, թե երեք նախարարական պորտֆելից որոնք են տրվելու Դաշնակցությանը: Այս մասին սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի պաշտոնից հեռանալու հարցին:

«Հուշագրում մենք որևէ նման պայմանավորվածություն չունենք: Այնտեղ կա քանակների մասին, որ մեր երեք դաշնակցական գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, և մենք դա պահպանում ենք: Իսկ թե ով որտեղ կլինի՝ համբերեք Կառավարության ձևավորմանը, ՀՀ նախագահի հրամանագրին»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

«Այսօր մենեք ունենք նորանշանակ վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ, նոր գործքիներ և նպատակահարմարությունն այն է, թե ով որտեղ ավելի օգտակար ու պիտանի կլինի: Գնահատելով և ավելի առավելություն տալով Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում, հնարավոր է նա տեղափոխվի այլ պաշտոնի»,- անդրադառնալով Մինասյանից դժգոհ լինել-չլինելու հարցին՝ ասել է Բաղդասարյանը:

Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն ինչպես է վերաբերում այն փաստին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ձևավորել պրոֆեսիոնալ կառավարություն, որտեղ մեծ մասը կուսակցական չեն, Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե ՀՀԿ-ն վերջին շրջանում չի հիմնվում և չի էլ հիմնվելու կուսակցության պատկանելության վրա, ավելի շատ հաշվի է առնելու անձի բանիմացությունն ու պրոֆեսիոնալիզմը:

Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտնել է, թե իրեն առաջարկվել է բնապահպանության նախարարարի պաշտոնը:«Ես այդ առաջարկությունը քննարկելու եմ կուսակցությունում», - ասել է նա՝ հավելելով. «Հրաժարական տալու խնդիր չկա։ Կառավարության կազմավորումը ենթադրում է նախագահի հրամանագիր՝ վարչապետի համաձայնությամբ։ Ես վստահ եմ, որ վարչապետն ունի մտահոգություն բիզնես լարվածությունը թուլացնելու: Այո, պարոն վարչապետը նոր խնդիրների մասով այլ անձի իմ տեղը տեսնելու ցանկություն է հայտնել»

Կարդացեք նաև՝Արծվիկ Մինասյանին առաջարկել են բնապահպանության նախարարի պաշտոնը