26 սեպտեմբերի 2016 - 17:41 AMT
Դասական երաժշտություն կենդանի կատարմամբ՝ Երևանի ավտոբուսային 6 երթուղում

Սեպտեմբերի 26, 27 և 28-ին քաղաքային տրանսպորտի նախապես ընտրված վեց երթուղիում տարբեր ժամերի կհնչեն դասական երաժշտության կենդանի կատարումներ։Ծրագրինախաձեռնողը Աշոտ Տիգրանյան մշակութային-երաժշտական հիմնադրամն է։

Հիմնադրամը ստեղծել է United American and Armenian Chamber Orchestra-ն («Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը»), որի կազմում ընդգրկված են ինչպես հայազգի երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ, այնպես էլ օտարերկրացիներ։

BUSymphony նախագծի միջոցով հիմնադրամի ստեղծագործական թիմը նպատակ ունի դասական երաժշտությունը ներկայացնել հանրությանը՝ այլ ձևաչափով:

«Համոզված եմ, որ նմանատիպ իրադարձություններն իրենց դրական ազդեցությունն ունեն քաղաքացիների վրա, ովքեր շտապում են հանդիպման, դասի կամ աշխատանքի ու մի պահ կարող են հաճելիորեն «շեղվել» դասականությամբ։ Համարձակ քայլը պայմանավորված է մեր հիմնադրամի հիմնական նպատակով՝ ստեղծելու մշակութային այլընտրանքային հարթակ։

Ի վերջո, այդ նույն երաժիշտներին շատ շուտով հայ հանդիսատեսը հանդիպելու է դահլիճում, նվագախմբի շրջանակներում․ ինչու՞ չսկսել այնտեղից, որտեղ երբեք չես ակնկալում հանդիպել երաժիշտի, ով պրոֆեսիոնալ կերպով կատարում է հայտնի դասական մի գործ»,- նշում է մշակութային-երաժշտական հիմնադրամի տնօրեն Անուշ Քոչարյանը։

Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ ամիս։ Երաժիշտները, ովքեր հանդես են գալիս ավտոբուսներում տրիոների և կվարտետների միջոցով, ընդգրկված են United American and Armenian Chamber Orchestra-ում։