27 սեպտեմբերի 2016 - 11:05 AMT
Մարտունու վերակառուցված մանկապարտեզը բացվել է. 150 երեխա է հաճախում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Էսպեէֆա» բարեգործական կազմակերպության անդամներին և Փարիզի ու Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի պատվիրակություններին՝ բարերար Ժաք Մաթոսյանի և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է ֆրանսահայերի ու ֆրանսիացի գործիչների մասնակցությունը տարբեր նախագծերում և, հատկապես, շեշտել «Էսպեէֆա» կազմակերպության էական դերն Արցախի կյանքում: Կառավարության ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Արցախի բազմաթիվ բնակավայրեր իրենց վրա զգացել են կազմակերպության և ֆրանսահայերի աջակցության արդյունքները: Համոզված եմ, որ ձեր կազմակերպության ծրագրերը շարունակական կլինեն առաջիկայում ևս՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով ավելի շատ ոլորտներ և բնակավայրեր: Իսկ կառավարությունը միշտ պատրաստ է գոործակցության ձեր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին»:

Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպության անդամներին՝ Մարտունի քաղաքի մանկապարտեզի շենքի վերակառուցման համար և հրավիրել է նրանց ներկա գտնվել շենքի բացման արարողությանը:

Իր հերթին Ռոշբլուանը պատրաստակամություն է հայտնել մշտապես ներկայացնել Արցախի շահերը Ֆրանսիայում՝ հանուն արդարության և Արցախի ժողովրդի խաղաղության ու բարեկեցության:

Հանդիպումից հետո կառավարության ղեկավարը, Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ միասին, մասնակցել է Մարտունու մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամանակ հյուրերին են ներկայացվել ֆրանսահայ և ռուսաստանահայ բարերարների համատեղ ուժերով կատարված աշխատանքները, որոնց շնորհիվ շրջկենտրոնի մոտ 150 մանուկ արդեն հաճախում են բարեկարգ մանկապարտեզ:

Վարչապետ Հարությունյանը, օրինակելի համարելով բարերարների նվիրումը, կատարված աշխատանքը համարել է երկարաժամկետ ներդրում Արցախի կրթության ու ժողովրդագրության մեջ:

2013-ին Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Ազգային պատգամավորներ եւ սենատորներ հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հետ Բարեկամության շրջանակի ստեղծման մասին։