13 մայիսի 2007 - 17:19 AMT
Եվրախորհրդարանը նշում է Հայաստանում ընտրությունների անցկացման մեծ առաջընթացը
«Եվրախորհրդարանը միշտ շահագրգռված է եղել, որ Հայաստանում ընտրությունները լինեն արդար եւ թափանցիկ, եւ մենք ուրախությամբ նշում ենք նվաճված առաջընթցը»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարի Անն Իսլեր Բեգինը: Նրա խոսքերով, տեղական դիտորդների ներկայությունը խորհրդարանական ընտրություններին ավելի դյուրին դարձրեց միջազգային առաքելությունների աշխատանքը: «Մենք ողջունում ենք հայ ժողովրդի ձգտումը արդար եւ թափանցիկ ընտրություններին եւ հուսով ենք, որ գրանցված առաջընթացը կամրագրվի 2008 թվականի նախագահական ընտրություններին»,-ասել է նա: Մարի Անն Իսլեր Բեգինը նշել է նաեւ, որ հայ հասարակության ժողովրդավարացման գործընթացը կապված է նաեւ Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ երկրի մասնակցության հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ԵԱՀԿ-ից թուրք դիտորդներին մուտքի արտոնագիր չի տրվել, ապա Եվրախորհրդարանի ներկայացուցիչը նշել է, որ նրանց բացակայությունը չի ազդել առաքելության աշխատանքի վրա, սակայն ցանկություն է հայտնել, որ նախագահական ընտրություններին ներկայացված լինեն ԵԱՀԿ բոլոր երկրները ներկայացնող դիտորդներ: «Հայաստանը Եվրոպայի մի մասն է, ինչպես նաեւ Թուրքիան, եւ մենք հուսով ենք, որ երկու երկրների հարաբերությունները կնորմալանան Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում»,-ընդգծել է Բեգինը: