28 սեպտեմբերի 2016 - 17:27 AMT
Պետերբուրգի հայ համայնքի նախագահն ափսոսում է Էրմիտաժում միջադեպի համար

Սանկտ Պետերբուրգի Ազգային մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանն ափսոսանք է հայտնել Էրմիտաժում կայանալիք Արևելյան դրամագիտության մասին միջազգային կոնֆերանսում «Դրամահատությունն Արևելյան Հայաստանում (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827թթ.)» զեկույցի վերանվանման կապակցությամբ:

«Մենք միշտ վստահ ենք եղել, որ համաշխարհային հեղինակություն ունեցող նման գիտական հաստատություններում, ինչպիսին Էրմիտաժն է, հարգանքով են վերաբերվում պատմությանն ու պատմական ճշմարտությանը: Սակայն, այս դեպքում պատմական իրողությունն ու գիտական ճշմարտությունը զոհաբերվել են սխալ հասկացված քաղաքական կոռեկտությանը»,-ասվում է Կարեն Մկրտչյանի պաշտոնական հայտարարության մեջ:

«Տպավորություն է ստեղծվում, որ հակահայկական հիսթերիայի ճնշման տակ, խորհրդաժողովի կազմակերպիչները զարմանալիորեն արագ նահանջեցին, նույնիսկ չփորձելով պաշտպանել պատմական անաչառությունը:

Հայ ժողովրդին և նրա ստեղծած ինքնատիպ քաղաքակրթությունը անհնար է դուրս մղել համաշխարհային պատմությունից»,-ասվում է Մկրտչյանի հայտարարության մեջ:

«Փառք ու պատիվ նրանց, ով սատարում է ճշմարտությանը, և խղճի արթնացում բոլոր նրանց, ով նահանջում է դրանից»,-ասել է Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը պաշտոնական բողոք էր հղել Էրմիտաժին` պահանջելով փոխել «Դրամահատությունն Արևելյան Հայաստանում (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827թթ.)» զեկույցի անվանումը:

Ադրբեջանական կողմը «վրդովվել է », քանի որ Երևանը, Նախիջևանն ու Ղարաբաղը Հակոբյանի և Պետրովի զեկույցում ներկայացված են որպես Արևելյան Հայաստանին պատկանող տարածքներ, իսկ 1747-1827թթ. տարածքում շրջանառվող դրամական միջոցները՝ հայկական:

Ուղերձում ասվում է. «Մենք վրդովված ենք զեկույցի ձևակերպումից: Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները լարված են մնում, առճակատման խորացումը տարակուսանք է առաջացնում»:

Սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի թանգարանի պահանջը և հանել է Հակոբյանի և Պետրովի զեկույցից Արևելյան Հայաստան բառակապակցությունը: