30 սեպտեմբերի 2016 - 10:35 AMT
Քերի. ԼՂ հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Այդ մասին Ջոն Քերին ասել է Washington Ideas համաժողովի ընթացքում, հաղորդում է Tert.am-ը ԱՄՆ պետքարտուղարության կայքի վրա հղումով:

Նրա խոսքով՝ «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, (այդ թվում) Լեռնային Ղարաբաղը», որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն, նախևառաջ «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»:

Մինչդեռ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն այդ տեսակին չի վերաբերում, կարծում է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ նման հակամարտությունները «բարդ են, բայց կարելի է տեսնել» դրանք անցյալում թողնելու միջոցներ, «եթե մարդիկ ընդունեին որոշակի համալիր լուծումներ»:

«Ես կարծում եմ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մտնում է այդ կատեգորիայի մեջ»,- ընդգծել է Քերին:

Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: