30 սեպտեմբերի 2016 - 15:36 AMT
Մոնիտորինգ. Պատգամավորների կեսից ավելին օրենսդրական քննարկումների ժամանակ ելույթ չեն ունենում

Հանրային մեծ նշանակության օրենքների վրա աշխատելու համար պատգամավորներն ամենաքիչ ժամանակն են ծախսել։ Բացի այդ՝ ընդունված 112 օրենքից 2/3-ը կամ 74-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ընթացքում։ Այս մասին հայտնել է ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

«Ամենակարևոր օրենսդրական ակտերը, ամենակարևոր օրենքները՝ Ընտրական օրենսգիրք, ՀՕՊ համաձայնագիր, Կառավարության կառուցվածքի մասին օրենք՝ բոլորն ընդունվել են առաջին ընթերցմամբ», - ասել է նա, գրում է Ա1+-ը։

Ըստ ուսումնասիրության՝ որևէ բարելավում չկա, ընդհակառակը՝ վատացել է պատգամավորների նախաձեռնողականության մակարդակը. սկսել են ավելի քիչ մտածել օրենքներ գրելու մասին:

«Ամենացածր ցուցանիշներից մեկն է արձանագրվել 9-րդ նստաշրջանի ընթացքում. 95%-ը Կառավարության և միայն 5%-ը պատգամավորների նախաձեռնությամբ է օրենք ընդունվել։ Նախորդ խորհրդարանում այդ ցուցանիշը եղել է 7%։ 112 օրենքից միայն 5-ի հեղինակն է Ազգային ժողովը», - տեղեկացրել է Վասիլյանը։

Նրա խոսքով, պատգամավորների կեսից ավելին ընդհանրապես օրենսդրական քննարկումների ժամանակ հարցեր ու ելույթներ չի ունենում։ 131 պատգամավորից 71-ը ընդհանրապես մեկուսացած է, որևէ կապ չունի օրենսդրական գործունեության հետ»։

Այդ պատգամավորների մեծ մասը ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից են։ ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավարը մանրամասնել է. «ՀՀԿ-ում 69 պատգամավորից հարց չի տվել ու ելույթ չի ունեցել 53-ը, ԲՀԿ-ում 33-ից՝ 24-ը»։

Համաձայն նույն ուսումնասիրության տվյալների՝ ամենից շատ կողմ քվեարկել է իշխող Հանրապետական կուսակցությունը՝ 90% արդյունք բոլոր քվեարկություններից։

Ամենից շատ դեմ է քվեարկել «Ժառանգություն» կուսակցությունը, ավելի հաճախ չեն կողմնորոշվել, ձեռնպահ են քվեարկել ՕԵԿ-ի պատգամավորները։

Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամենից շատ չքվեարկած ու բացակայած պատգամավորներ ունեցող խմբակցությունն է։

2014թ.-ին ստուգվում էր աշնանային նստաշրջանում պատգամավորների հաճախելիությունը։ Պատգամավորները իրենց բացակայությունների համար հիմնավորումներ պետք է ներկայացնեին խորհրդարանի աշխատակազմին։