30 սեպտեմբերի 2016 - 18:50 AMT
Իսպանիայի Մարբելյայի քաղխորհուրդը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Սեպտեմբերի 30-ին Իսպանիայի Մարբելյայի քաղաքային խորհուրդն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Քվեարկությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին այդ հայտարարության ընդունմանը:

Տեղի ունեցած քննարկումների ընթացքում քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության և դրա կանխարգելիչ բնույթի մասին՝ հատկապես ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Բանախոսները ընդգծել են Իսպանիայի կենտրոնական իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորությունը:

Իսպանիայի տասնյակ քաղաքների և տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմիններ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Երկիրը պետական մակարդակով համապատասխան բանաձև, սակայն, չի ընդունել:

Կարդացեք նաև՝ Բազիլիկատայի մարզային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը