30 սեպտեմբերի 2016 - 20:36 AMT
Սերժ Սարգսյանը հանձնարարել է Սիրիա ինքնաթիռներով մարդասիրական օգնություն հասցնել

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։ Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը», - ասվում է հայտարարությունում։

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն», - նշվում է հայտարարությունում:

Սեպտեմբերի 30-ին Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: