1 հոկտեմբերի 2016 - 17:10 AMT
Թուրքիան աշխարհում ամենաարագ ծերացող երկրորդ երկիրն է

Հարավային Կորեայից հետո Թուրքիան երկրորդ ամենաարագ ծերացող երկիրն է աշխարհում:

Թուրքիայում տղամարդկանց կյանքի ակնկալվող տևողությունը 71 տարի է, կանանցը՝ 76: Ըստ կանխատեսումների՝ 2023թ. Թուրքիայի բնակչության 10.2 տոկոսը ծեր կլինի, թուրքական Hürriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Վերջին 50 տարվա ընթացքում կյանքի տևողությունը միջինում 20 տարով երկարել է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների համաձայն՝ 2000թ. 60 տարեկանից բարձր տարիքային խմբին պատկանողների թիվը մոտավորապես 600 միլիոն էր, 2025թ. այս ցուցանիշը կհասնի 1.2 միլիարդի, իսկ 2050թ. այն արդեն կկազմի 2 միլիարդ:

Թուրքիայի Akdeniz համալսարանի գերոնտոլոգիայի բաժնի պրոֆեսոր Իսմաիլ Թուֆանը նշում է, որ Թուրքիայում ոչ մի հաստատություն իրականում պատրաստ չէ բնակչության ծեր զանգվածի թվի կտրուկ աճին: Նրա խոսքով՝ երկրում անհապաղ պետք է ստեղծվեն սոցիալական խնամքի ապահովագրման համակարգեր, որպեսզի հնարավոր լինի ապահովել ծերերի խնամքն ու բարեկեցությունը: