3 հոկտեմբերի 2016 - 11:18 AMT
Վանաձորում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մեծամասնություն չեն ապահովել

Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքով ՀՀԿ-ն չի կարողացել մեծամասնություն ապահովել: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՏԻՄ մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ ՀՀԿ` 13, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 10, Հայկական վերածնունդ կուսակցություն` 5, ԲՀԿ` 3, ՀՅԴ` 2:

«Մանրամասները վաղվա մամուլի ասուլիսին կներկայացնենք»,- նշել է պատգամավորը:

ԿԸՀ-ն հրապարակել է Վանաձորում տեղի ունեցած ավագանու անդամի ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն Հանրապետական կուսակցությունը ստացել է 14889 քվե կամ 37.54%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 10899 քվե կամ 27.5%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 5286 քվե կամ 13.3%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 2872 քվե կամ 7.2%, Հայ Հեղափոխական դաշնակցություն՝ 2522, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1617քվե, «Համախմբում» կուսակցություն՝ 984, Հայ Ազգային կոնգրես՝ 551 քվե:

Այսպիսով, Վանաձորի ավագանու անդամների համար անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն: