4 հոկտեմբերի 2016 - 13:47 AMT
Մուկուչյան. Պետք է բարձրացնել ընտրական գործընթացի հանդեպ հանրության վստահությունը

Ազգային ժողովում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը:

Panorama.am-ը գրում է, որ ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանն իր ելույթում նշել է, թե ԿԸՀ-ն կազմավորվում է ընտրական գործընթացների առումով բավականին ծանրաբեռնված ժամանակահատվում: Նախ ընդունվել է Ընտրական նոր օրենսգիրքը, որը պարունակում է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, ընտրական գործընթացի կազմակերպման առումով ամրագրվել են նորովի մոտեցումներ, որոնք էլ պահանջում են աշխատանքի կազմակերպման նոր մեթոդներ:

Ըստ Մուկուչյանի, նոր ԸՕ-ն նախատեսվում է մոտ 5 տասնյակ նոր որոշումի ընդունում իրավահարաբերությունների լիարժեք և ամբողջական կանոնակարգում իրականացնելու համար:

«Ակնհայտ է, որ թերևս թիվ մեկ խնդիրն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է»,- ընդգծել է նա՝ թվարկելով այն քայլերը, որոնք պետք է նպաստեն վստահության բարձրացմանը:

Մուկուչյանի խոսքով՝ ընտրական գործընթացներում նոր տեխնիկական միջոցների կիրառելիությունն ապահովելու համար պետք է ապահովել համապատասխան քանակով մասնագետների ընտրությունն ու վերապատրաստման կազմակերպումը:

«Նշված մասնագետների ընտրության հարցում միակ ուղղորդիչ սկզբունքը պետք է լինի նրանց արհեստավարաժությունը, անկողմնակալությունը, գիտելիքն ու բանիմացությունը: Նման կադրերի ընտրության հարցում անգնահատելի կլինի քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների աջակցությունը»,- ասել է ԿԸՀ նախագահի թեկածուն:

Սահմանադրական փոփոխություններով այսուհետ ԿԸՀ նախագահին և ԿԸՀ անդամներին պետք է ընտրի Ազգային ժողովը: