4 հոկտեմբերի 2016 - 14:11 AMT
Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է 3 ամսով

Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված կառավարության նիստից հետո փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս 90 օրով:

Հոկտեմբերի 19-ին կլրանա արտակարգ դրության առաջին ժամկետը և կառավարույթան որոշմամբ նույն օրը այն կերկարաձգվի ևս 3 ամսով:

Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ ավելի վաղ արտակարգ դրության ժամկետի երկարաձգման առաջարկով հանդես էր եկել Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը: Առաջարկը ներկայացվել էր սեպտեմբերի 28-ին գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակած զեկույցում:

Քուրթուլմուշը նշել է, որ արտակարգ դրության շրջանակներում ընդունված օրենքի ուժ ունեցող որոշումների կապակցությամբ մեջլիսում ներկայացված բոլոր կուսակցությունների մասնակցությամբ հատուկ հանձնաժողով է ստեղծվելու: Նա ընդգծել է նաև, որ Թուրքիայում կալանավայրերի վիճակի ուսումնասիրության, հեղաշրջման փորձի մասնակիցների դատավարության և Ֆեթհուլլահ Գյուլենի՝ Թուրքիային արտահանձնելու խնդրի վերաբերյալ աշխատանքները ընթանում են ու դրանց վերաբերյալ փաստաթղթերի փաթեթները արդեն ներկայացված եմ ԱՄՆ-ին:

Թուրքիայում եռամսյա ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարվել հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձից ընդամենը օրեր անց՝ հուլիսի 21-ին: