4 հոկտեմբերի 2016 - 14:04 AMT
Զեկույց. ՀՀ-ն պետք է լրացնի օրենսդրական բացերն ու պայքարի բռնությունների աճի դեմ

Հայաստանը ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարելու, փախստականներին ինտեգրելու և էթնիկական փոքրամասնություններին աջակցելու հաստատակամություն է դրսևորել, սակայն, օրենսդրական բազմաթիվ բացերը, ատելություն սերմանող խոսքի և բռնությունների աճը և ինստիտուցիոնալ թերությունները շարունակում են մտահոգության առարկա լինել: Այս մասին նշվում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 4-ին հրապարակված Հայաստանի վերաբերյալ թվով 4-րդ զեկույցում:

Զեկույցը, որը ներառում է 2010թ. դեկտեմբերից մինչև 2016թ. մարտն ընկած ժամանակահատվածը, ողջունել է Քրեական օրենսգիրքը վերանայելու և հակախտրական համապարփակ օրենսդրություն մշակելու, Սիրիայից փախստականների մեծ ներհոսքն ինտեգրելու և էթնիկական փոքրամասնություններին տրամադրվող ֆինանսական աջակցությունն ավելացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը։

Այնուհանդերձ, քրեական, քաղաքացիական և վարչական օրենսդրությունը և ընթացակարգերը դեռևս տուժում են բազմաթիվ թերությունների պատճառով, որոնք ռասիզմի և խտրականության դեմ պատշաճ պայքարը դարձնում են անհնարին։

Զեկույցում նշվում է ատելություն սերմանող խոսքի աճի, որը հանգեցնում է բռնության, որի հիմնական թիրախը ԼԳԲՏ համայնքի և ոչ ավանդական կրոնական խմբերի անդամներն են, ինչպես նաև քաղաքական և հանրային դիսկուրսում այս խմբերի խարանման մասին։

«Մենք հատկապես մտահոգված ենք այս երևույթի չափերի և քրեական վարույթների սակավաթվության միջև առկա հակադրությամբ»,- ասել է ՌԱԵՀ-ի նախագահ՝ Քրիստիան Ահլունդը։

«Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011թ.-ից ի վեր հետաքննվել է ընդամենը երեք հանցագործություն, որոնցից մեկն է ավարտվել դատապարտմամբ։ Տուժողները, ըստ երևույթին, չեն ցանկանում հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնել ոստիկանությանը։ Կոչ եմ անում իշխանություններին՝ ապահովել, որպեսզի ԼԳԲՏ անձանց կամ նրանց իրավունքները պաշտպանողների նկատմամբ հանրության շրջանում հրահրված բռնությունների և ատելության, հատկապես՝ սպառնալիքների բոլոր դեպքերը քննվեն և, համապատասխանաբար, պատժվեն»։

ՌԱԵՀ-ը նաև նշել է ադրբեջանցիների և հրեաների դեմ ուղղված անհանդուրժող հայտարարությունների և «գենդերային հավասարություն» հասկացությանն ընդդիմանալու մասին, որը կրոնական ու պահպանողական առաջնորդների կողմից ընկալվում է որպես հակահայկական և ոչ ավանդական։

Դեռևս չկա ինտեգրման համապարփակ քաղաքականություն, շարունակվում են հայկական էթնիկական ծագում չունեցող միգրանտների նկատմամբ խտրականության դրսևորման վերաբերյալ պնդումները, և իրենց սոցիալական ինտեգրման համար միգրանտներին չի տրամադրվում բավարար տևողությամբ աջակցություն, նշվում է զեկույցում։ Որպես երկու տարվա ընթացքում իրականացվելիք առաջնահերթ առաջարկություններ՝ ՌԱԵՀ-ը կոչ է անում իշխանություններին կարգավորել ինտեգրման տարբեր ռազմավարությունները բոլոր խոցելի խմբերի համար և փոփոխել Հայաստանի քրեական իրավունքը։

«Արգելված հիմքերի» ցանկը պետք է բացահայտորեն ներառի մաշկի գույնը, լեզուն, ազգությունը, ազգային կամ էթնիկական ծագումը, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։ Բացի այդ, պետք է քրեականացվեն բռնությունների և ռասայական խտրականության հրահրումը, ինչպես նաև ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների հանրային ժխտումը, պարզունակացումը, արդարացումը կամ համակերպումը։

ՌԱԵՀ-ը Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված նշում է, որ իշխանությունները պետք է կամ փոփոխության ենթարկեն օրենքը՝ նրան հնարավորություն ընձեռելով զբաղվելու խտրականության հարցերով մասնավոր ոլորտում, կամ ստեղծեն հավասարության անկախ մարմին։

Նշվում է նաև, որ անհրաժեշտ է նաև լրատվական էթիկայի կանոնագիրք, որը կներառի ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի դեմ հստակ դրույթներ։

«ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է իշխանություններին, առանց լրատվամիջոցների անկախությունը վնասելու, սերտ համագործակցել նրանց հետ՝ ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի դեմ հստակ ձևակերպված դրույթներով լրատվական էթիկայի կանոնագիրք ընդունելու, բոլոր լրատվամիջոցների կողմից այդ փաստաթղթի նկատմամբ հավատարմությունը խթանելու և լրատվական ոլորտի մասնագետների համար համապատասխան վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ»,-նշում է զեկույցում։

Այլ առաջարկները ներառում են՝ հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը որպես ծանրացուցիչ հանգամանք ամրագրելը, Մարդու իրավունքների պաշտպանին ավելի շատ լիազորություններ տրամադրելը՝ նրան մասնավոր հատվածում խտրականության հարցերով զբաղվելու հնարավորություն տալու նպատակով, ոստիկանության դեմ բողոքների քննության անկախ մեխանիզմ ստեղծելը և խորհրդարանականների համար վարքի կանոնագրքի ընդունման խրախուսումը։