17 մայիսի 2007 - 13:30 AMT
Երեւամում կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն կնքեց հանրահայտ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանը
Մայիսի 16-ին, կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն կնքեց «Հայկական սոխակը»` հայ օպերային արվեստի մեծագույն վարպետը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հայաստանի ժողովրդական արտիստ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Գոհար Գասպարյանի մահվան պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ երգչուհին, որը մի քանի տարի առաջ ինսուլտ էր տարել , վերջին շրջանում գտնվում էր Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

«Հայկական սոխակը», ինչպես անվանում էին Գոհար Գասպարյանին, ծնվել է 1924թ. Կահիրեում: Ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում: 1948թ հայրենադարձել է: 1949թ-ից Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերգերով, իսկ նրա համերգային երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ: