5 հոկտեմբերի 2016 - 11:51 AMT
Երեք ռեժիսոր սոցցանցով հավաքել են $75.000 և այդ գումարը ծախսելու մասին ֆիլմ նկարահանել

FND Films կինոըներության երեք ռեժիսոր 2014 թվականին Indiegogo հարթակում հայտարարել էին գումար հավաքելու մասին, որպեսզի նկարահանեն իրենց առաջին ֆիլմը «Ամեն ինչ լավ է» (Itʼs All Good) վերնագրով: Հայտարարությունից հետո հավաքվել էր ավելի շատ գումար, քան պահանջվում էր՝ 75 հազար դոլար: Դրանից հետո ռեժիսորներն անհետացել են՝ չներկայացնելով ոչ մի հիմնավորում:

Gazeta.ru կայքը The Independent-ին հղումով գրում է, որ որոշակի պարբերականությամբ ռեժիսորները սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակել, որտեղ զբոսնել են նավով, խմել, հանգիստն անցկացրել Իտալիայում: Օգտատերերը, որոնք մասնակցել են դրամահավաքին, զայրացել են, նրանց ուղղված կոշտ մեկնաբանություններ թողել և սպառնացել, որ կդիմեն դատարան:

Սակայն մի քանի օր առաջ ռեժիսորները վիդեոուղերձ են հրապարակել՝ հայտնելով, որ «ֆորսմաժորային հանգամանքների» պատճառով չեն կարող ավարտել ֆիլմը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ FND Films-ն այնուհանդերձ նկարահանել է ֆիլմ, որի հիմքում երեք երիտասարդի մասին պատմություն է, ովքեր գողացել են ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարը: Ֆիլմը վարձույթում կլինի հոկտեմբերի 21-ին: