6 հոկտեմբերի 2016 - 10:33 AMT
ԼՂՀ ԱԳ նախարարը Արցախ է հրավիրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Հոկտեմբերի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը՝ կապված սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի շրջանակներում արված գերագույն հանձնակատարի հայտարարության հետ, առ այն, որ նրա «գրասենյակը հնարավորություն չունի ծանոթանալու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտային իրավիճակին, այդ թվում այս տարվա ապրիլի իրադարձություններից հետո»:

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրության մասին որևէ հարցում չեն ստացել, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ գրասենյակն ավելի քան երկու տասնամյակ և նույնիսկ ապրիլին ադրբեջանական ագրեսիայից հետո չի կարողանում այցելել ԼՂՀ:

«Կարծում ենք՝ ՄԻԳՀԳ-ը պետք է հնարավորություն ունենա ստուգելու ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն խախտման՝ պատշաճորեն փաստագրված դեպքերը և ռազմական հանցագործությունները՝ ինչպես ԼՂՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինծառայողների դեմ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի այդ հանցագործություններին՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով, հակառակ դեպքում, իրականացնողների անպատժելիությունը կարող է խրախուսել հետագայում ևս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուժի կիրառումը», - նշվում է նամակում։

Հավաստիացնելով, որ ԼՂՀ իշխանությունները բաց են ՄԻԳՀԳ հետ անկեղծ համագործակցությանը՝ ուղղված ժողովրդավարական նորմերի և սկզբունքների ամրապնդմանը, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանությանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հրավիրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին այցելել Լեռնային Ղարաբաղ, կամ ուղարկել թիմ՝ անաչառ և օբյեկտիվ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում առկա իրավիճակին, ինչպես նաև այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործված հանցագործություններին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: