Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետապնդումների պատճառով լարվել են Թուրքիայի և Նիգերիայի հարաբերությունները:
Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո փակված Ֆաթիհ համալսարանի երկու նիգերիացի ուսանողներ ձերբակալվել և բանտարկվել են Սիլիվրիի բանտում, թուրքական Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Եվս 50 նիգերիացի ուսանող ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանում: Այնուհետև Նիգերիայի քաղաքացիները արտաքսվել են Թուրքիայից: Դրանից հետո Նիգերիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն և նրանից վերոնշյալ դեպքերի առթիվ բացատրություններ են պահանջվել:
Նիգերիայի ներկայացուցիչների պալատը խնդրի քննարկման համար արտահերթ նիստ է գումարել՝ պահանջելով, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի անհիմն ձերբակալությունների և բանտարկությունների համար: Նիգերիայի կառավարությունը սպառնացել է, որ հակառակ դեպքում իրենք էլ կարող են նման վերաբերմունք դրսևորել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ:
Նիգերիայի ներկայացուցիչների պալատի սփյուռքի հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիտա Օրժին նշել է, որ փակված Ֆաթիհ համալսարանում 102 երկրից եկած ուսանողներ են եղել, սակայն նման վերաբերմունքի են արժանացել միայն նիգերիացի ուսանողները:
Օրժիի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունների նման պահվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան ավելի վաղ Նիգերիայից պահանջել էր փակել 17 դպրոց, որոնք, թուրքական կողմի պնդմամբ, ծառայում են գյուլենական համայնքին: Սակայն Նիգերայի կառավարությունը մերժել էր այս պահանջը: Նիգերիացի գործիչը կոչ է արել անմիջապես ազատ արձակել Սիլիվրիում բանտարկված ուսանողներին: