6 հոկտեմբերի 2016 - 16:52 AMT
Լավրովը հոկտեմբերի 14-ին կժամանի Երևան, ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների Խորհրդի համատեղ նիստին, որը կայանալու է Երևանում հոկտեմբերի 14-ին: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:

«Այս ձևաչափով աշխատանքին կմասնակցի Սերգեյ Լավրովը, կքննարկվեն հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման ակտուալ ասպեկտները, հակազդեցությունը միջազգային ահաբեկչությանը, ռազմական համագործակցության զարգացումները, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր, որոնք կներկայացվեն կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հաստատմանը»,-ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2016 թվականի հոկտեմբերին սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: «Հոկտեմբերին Հայաստանում նախատեսվում է ՀԱՊԿ գագաթնաժողով: ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարներին սպասում ենք Երևանում»,- սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը: