7 հոկտեմբերի 2016 - 13:54 AMT
ՀՀ-ից ուղարկված հումանիտար օգնության շարասյունը ժամանել է Սիրիա

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել։ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ հումանիտար օգնության շարասյունը ժամանել է Սիրիա։

ՀՀ նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար Հայաստանից երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա։ Բեռները մակագրված են եղել․ «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը Սիրիա էր ժամանել ժամանել հոկտեմբերի 3-ին։

Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 46 մլն 33.000 դրամ: ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:

Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։Ելնելով վերոհիշյալից, «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կոչ է անում բոլոր բարերարներին՝ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին տեղափոխվելու Լիբանանից Հայաստան՝ որպես ապահով երկիր։Անհրաժեշտ գումարը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու համար կազմում է 500 ԱՄՆ դոլար:

Կարդացեք նաև՝ Հալեպի բնակիչները մոտ 1.5 տոննա սննդամթերք են ստացել