Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված սարիթաղցիների հարազատները հոկտեմբերի 10-ին հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են՝ ազատ արձակել իրենց հարազատներին՝ պնդելով՝ ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին ոստիկանության կազմած անվտանգության արգելապատնեշի մեջ հայտնված Սարի թաղը զրկված էր կենցաղային տարրական պայմաններից և թաղի երիտասարդ տղաները հուլիսի 19-ին փողոց էին դուրս եկել և բախվել ոստիկանների հետ հենց այդ խնդիրների պատճառով:
«Հա, ոստիկաններին խփել են, որովհետև ոստիկանները հանել են ատրճանակները, հայհոյել են, մեծահասակ մարդուն ապտակել են», - պատմել է ձերբակալված սարիթաղցի Հարություն Թորոսյանի մայրը, - «Երիտասարդները աշխատել են ինչ-որ բանով իրենք էլ ինքնապաշտպանության դիմել», մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ցույցի մասնակիցների խոսքով, Սարի թաղից 10 քաղաքացի է ձերբակալված արդեն մոտ 3 ամիս: Հուլիսի 19-ին տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված այս քաղաքացիները մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մասնակցելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում:
Հարազատները դժգոհում են՝ քարով հարվածելու համար մինչև տասը տարվա ազատազրկումը անհամաչափ պատիժ է:
Ազատազրկված սարիթաղցիների հարազատները պատմեցին՝ նախնական կալանքի երկամսյա ժամկետը լրացել է, իսկ դատական նիստերն արհեստականորեն ձգձգվում են:
Մոտ մեկ ժամ շարունակված բողոքի ակցիայից հետո նրանցից երկուսին թույլ տվեցին ներս մտնել ու հանդիպել գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի հետ: Հանդիպումից հետո ասացին՝ իրենց հարցերն էական պատասխան այդպես էլ չստացան:
«Ընդունեց մեզ, լսեց մեզ, գրեց մեր խնդիրների մասին, կհետևի դատական նիստերին: Մեզ պատասխան կտան՝ կոնտակտային համարներ վերցրեցին մեզանից», - պատմել են նրանք, - «Էական պատասխան՝ չստացանք»:
Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին՝ տասն օրից ավելի է ինչ պատասխան չունեն նաև ԱԺ-ից ու կառավարությունից, թեպետ պնդեցին՝ ըստ պատշաճի ներկայացրել էին իրենց պահանջները: