21 մայիսի 2007 - 18:42 AMT
ԶԼՄ-ներ. Բաքուն չի սահմանափակվել դիվանագիտական նոտաներով եւ մտադիր է հաշիվ պահանջել անձամբ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՞ց
Չի բացառվում., որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքու կատարած իր այցի ընթացքում պահանջներ ներկայացվեն, կապված Բաքվի դժգոհությունների հետ առ այն, որ Ռուսաստանի Մեծ հանրագիտարանում հրապարակված է Լեռնային Ղարաբաղի մասին հոդված, ինչպես նաեւ «Ռոսսիա» հեռուստաալիքով ցուցադրված այն սյուժեի հետ, որտեղ «Ադրբեջանի այդ տարածքը» ներկայացվել է որպես Հայաստանի պատմական մաս, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: «Հարկ է նշել, որ այդ միջադեպը բացասական արձագանք ունեցավ Ադրբեջանում եւ գործը հասավ նրան, որ երկրի ԱԳՆ-ն ստիպված էր բողոքի երկու նոտա հղել Ռուսաստանին: Ըստ վերլուծաբան Ալփայ Ահմեդի, նման սխալները ստվերում են երկու երկրների ժողովրդների հավասարակշիռ հարաբերությունները: «Մոսկվան հայտարարում է, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարեւոր ռազմավարական գործընկեր է երկարաժամկետ հեռանկարով: Միեւնույն ժամանակ պաշտոնական հրապարակումները եւ հեռուստաալիքը փորձում են խեղաթյուրել Ադրբեջանի պատմությունը: Նման դեպքերում շարքային ադրբեջանցին ակամայից կասկածի տակ է առնում Կրեմլի անկեղծությունը»,-գտնում է քաղաքագետը, գրում է թերթը:

Մինչդեռ, ինչպես գրում է Ստռանա.ռու-ն, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խազար Իբրահիմը հայտարարել է, որ քանի որ Ադրբեջանին չբավարարեց Ռուսաստանի պատասխանը բողոքի առաջին նոտային, իսկ երկրորդի պատասխանը դեռեւս չի ստացվել, «այդ հարցը կարծարծվի երկկողմ ռուս-ադրբեջանական պաշտոնական հանդիպումներում, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս.Լավրովի Բաքու այցելության ժամանակ»:

Ըստ ռուս փորձագետի, «Ռուսաստանի հասցեին այդ բողոքի նոտաները հղվում են մշտապես այն պահից սկսած, երբ դադարեցվեց պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Նրա խոսքերով, «ռուսական կողմից հնչած ցանկացած «փռշտոց», նույնիսկ ոչ պաշտոնական, հարուցում է Բաքվի նյարդային արձագանքը, թեեւ ամերիկացիներն այնպիսի բաներ են անում, որոնք Ռուսաստանը երազում էլ չի տեսել»: «Օրինակ, ԱՄՆ Կոնգրեսը տնտեսական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին, իսկ Ադրբեջանը չգիտես ինչու չի բողոքում,-շարունակում է Ալեքսանդրովը:-Որովհետեւ ամերիկացիներն անտեսում են նման դեմարշները, եւ իրենք են որոշում ում հետ հարաբերություններ պահպանեն եւ ինչ ծավալով»: