21 մայիսի 2007 - 19:25 AMT
ԼՂՀ նախագահը խորհուրդ է տալիս չհավատալ այն հեքիաթներին, թե Լաչինը հանձնվելու է Ադրբեջանին
Մայիսի 18-ին Բերձոր շրջկենտրոնում կայացան հանդիսավոր միջոցառումներ` նվիրված ԼՂՀ Քաշաթաղի (Լաչինի) շրջանի ազատագրման 15- ամյակին: Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ եւ շրջանային վարչակազմերի ղեկավարներ, Հայաստանի Սյունիքի մարզի ղեկավարության ներկայացուցիչներ: Նրանք ծաղիկներ դրեցին Ղարաբաղի ազգային ազատագրական պայքարի ժամանակ զոհվածների հուշարձանին:

«Այսօր պատմական օր է մեզ համար: Մենք իզուր չենք եկել այստեղ` փորձելով կրկնել այն հաղթական ուղին, որ անցել են մեր հերոսական տղաները` ազատագրելով Շուշին, Լաչինը եւ Արցախը կապելով մայր Հայաստանին: Մի հավատացեք այն հեքիաթին, որ Քաշաթաղը հանձնվելու է Ադրբեջանին, դա չի լինելու: Մենք այս տարածքը չենք ազատագրել, որ տանք: Մենք պետք է վերականգնենք եւ զարգացնենք Քաշաթաղը: Այն միշտ կլինի Արցախի եւ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մեր պարտքն է վերականգնել այն բոլոր տարածքները, որոնք ազատագրել ենք»,- Քաշաթաղի շրջանում Լաչինի միջանցքի բացման 15-ամյակին նվիրված արարողության ժամանակ շնորհավորական իր ելույթում նշել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: ԼՂՀ նախագահի հրամանագրի համաձայն շրջանի մի շարք բնակիչներ արժանացան պարգեւների: Հանդիսավոր արարողություններն ավարտվեցին տոնական համերգով, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շարունակվող շրջափակման պայմաններում Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի ու աշխարհի հետ: