11 հոկտեմբերի 2016 - 10:45 AMT
Ազատազրկման վայրերում մոնիթորինգը կիրականացվի հատուկ սարքավորումների օգնությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելաման վարչությունը համալրվել է ազատությունից զրկման վայրերում ջերմաստիճանի և խոնավության, լույսի, տարածության և մակերեսի չափման հատուկ սարքավորումներով: Հատուկ նպատակի համար նախատեսված այդ սարքավորումները կօգտագործվեն քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահման և ազատությունից զրկման այլ վայրերում մոնիթորինգ իրականացնելիս, ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ սարքավորումների օգտագործումը կնպաստի Պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի, խոշտանգումների կանխարգելման ոլորտում առավել արդյունավետ գործունեություն իրականացնելուն: Սարքավորումները ձեռք են բերվել «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ: