22 մայիսի 2007 - 14:23 AMT
ՀԱՊԿ երկրները մտահոգված են ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ դեպի Կովկաս եւ Կենտրոնական Ասիա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունները մտահոգված են ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնմամբ ընդհուպ մինչեւ կազմակերպության արտաքին սահմանները: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ԶԼՄ-ների դերն ու տեղը 21-րդ դարի մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու գործում» խորագրով առաջին մեդիահամաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ երրորդ պետությունների աճող ակտիվությունը չի նպաստում կայունությանը հետխորհրդային տարածքում: «Ըստ էության իրագործվում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի եւ այդ կազմակերպության առանձին անդամների, ներառյալ ԱՄՆ-ն, ռազմաքաղաքական ներկայությանն ու ամրապնդմանն ուղղված քաղաքականություն»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նիկոլայ Բորդյուժան նշեց նաեւ, որ խոսքը գնում է «անվտանգության ապահովման եւ ահաբեկչության դեմ պայքարի» նպատակով կազմակերպության հետ մրցող տարածաշրջանային կառույցներ ստեղծելու փորձերի մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: