11 հոկտեմբերի 2016 - 13:56 AMT
«Շիրակ կենտրոն»-ի ղեկավարի դեմ քրգործ կարող է հարուցվել. Բարեգործության դիմաց հարկեր պետք է վճարեն

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից հայտնել են, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով «Շիրակ կենտրոն» կազմակերպության նկատմամբ առաջացած ավելի քան հինգ մլն դրամի հարկ ու տուրքը վճարելու համար տրված ժամանակը սպառվել է: Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում բավականին լուրջ հետևանքներ կլինեն, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի հանդեպ քրեական գործի հարուցումը, տեղեկացնում է կենտրոնը:

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած խնդրանքներն ու դիմումները մերժվել են:

«Միակ ճանապարհը մնացել է այդ գումարի հայթայթումն ու վճարումը: Փաստորեն ստացվում է, որ տարբեր բարերարների և հովանավորների կողմից գնված 10 բնակարանի արժեքի 10 տոկոսը պարտադրված է փակել «Շիրակ կենտրոնը»: Եվ քանի որ կազմակերպությունը չունի նման միջոցներ և չէր կարող ունենալ՝ պարտադրված դրամահավաք է նախաձեռնել, ակընկալելով, որ դրամահավաքին առաջին հերթին կարձագանքեն և կաջակցեն կազմակերպության այն գործընկերները, որոնց աջակցությամբ և միջնորդությամբ գնվել են հարկման ենթակա բնակարանները», - ասված է կենտրոնի հաղորդագրությունում:

«Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ Գյումրու վագոն-տնակներում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող վերջին երկու-երեք տարիների ընթացքում բարերարների կողմից 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, միայն ընթացիկ տարում՝ 16 բնակարան:

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին՝ www.shirakcentre.am կայքում ու նաև սոցիալական կայքերի էջերում ներկայացվելու է հայտարարված դրամահավաքին մասնակցած նվիատուների և ստացված գումարների մասին մանրամասն տեղեկատվություն:

Նվիրատվություններ կարող եք կատարել հետևյալ բանկային հաշվեհամարներից որևէ մեկին՝

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22 AMD – 2052622035941001 EUR – 2052622035941040 RUB – 20526 22035941041 USD – 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց, Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ ՀԱՎՀՀ՝ 05532775

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Կարդացեք նաև՝ «Շիրակ կենտրոնը» չի ստացել վարչապետի պատասխանը. Բարեգործության դիմաց հարկեր վճարել մտադիր չէ